- Գլուխ սոխը, 4 հատիկ սխտորը քերիչով կամ
մսաղացով անցկացնել: 4 ճ/գ սոխի եւ 1 ճ/գ սխտորի զանգվածին ավելացնել 1
ճ/գ մեղր, քսել գլխամաշկին, պահել 1-1,5 ժամ, ապա լվանալ տաք ջրով եւ
շամպունով: Շատ չոր մազերի դեպքում կարող եք նաեւ դիմակի մեջ ձիթապտղի
յուղ ավելացնել: Սխտորի եւ սոխի քամած հյութերն օգտակար են մազերի խնամքի
համար:
- Ամեն անգամ գլուխը լվանալուց հետո մազերը շփեք 4-5
ճ/գ խնձորի քացախից եւ գոլ ջրից պատրաստված լուծույթով: Այսպիսով
կպայքարեք թեփի դեմ, մազերը կսնուցվեն, հրաշալի փայլ կստանան եւ կփափկեն:
Բալզամի կարիք այլեւս չեք զգա:
- Կես թեյի բաժակ չորացրած եղինջը
եւ 3 թ/գ անգույն հինան խառնեք իրար, ավելացրեք կեսից ավելի թեյի բաժակ
եռջուր: Թողեք սառչի եւ ստացված զանգվածի վրա ավելացրեք ձվի դեղնուց:
Դիմակը պահեք 1-1,5 ժամ:
- Անգույն հինայի վրա եռացրած ջուր
ավելացնել, այնքան, որպեսզի թանձր զանգված ստացվի: 15 րոպե թողնել փակ
տարայի մեջ: Այնուհետեւ բուսական որեւէ յուղ` փոքր-ինչ տաք վիճակում լցնել
հինայի վրա եւ թողնել եւս 15 րոպե: Ավելացնել 2-3 թ/գ վիտամիններ A եւ E:
Մաքուր մազերի վրա քսել, պահել 2 ժամ` գլխաշորով փաթաթված վիճակում:
Կրկնել շաբաթը 2 անգամ: Ի դեպ, կարող եք այս դիմակը պահպանել փակված
վիճակում` չոր տեղում:
- 30 գրամ խմորիչը խառնել 2 ճ/գ կարմիր պղպեղով թրմօղու հետ եւ քսել մազարմատներին, պահել 20 րոպե եւ լվանալ:
- Մազերի համար հրաշալի միջոց է նաեւ մայոնեզով, 1-2 ձվի դեղնուցով,
ձիթապտղի յուղով պատրաստված դիմակը: Լավ քսել մազարմատներին, պոլիէթիլենե
գլխարկ հագնել եւ 1-2 ժամ պահել: Սնուցում եւ փափկեցնում է մազերը:
- Շատ ուժեղ մազաթափության դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ դիմակը. 1
ճ/գ գերչակի յուղը խառնել 1 ճ/գ սոխի քամած հյութի հետ, 1 պտղունց կարմիր
կծու պղպեղ ավելացնել, 1 ճ/գ մեղր, 1 ճ/գ կոնյակ, 1 ձվի դեղնուց: Քսել
մազարմատներին, գլխաշորով կապել գլուխը, 1 ժամ պահել, ապա լվանալ: Շաբաթը
նույնիսկ 1 անգամ` 2-3 շաբաթ հետեւողական կրկնելու դեպքում արդյունքը
զգալի կլինի:
- Մազարմատների ամրացման համար հնում օգտագործել
են նաեւ կերակրի կամ չմշակված աղը: Գլուխը լվանալուց հետո 10-15 րոպե
տրորել են աղով: Սա եւս նպաստում է գլխամաշկի արյան շրջանառության
ակտիվացմանը:
- Կարող եք դիմակ պատրաստել 3 ճ/գ սոխի հյութով,
2 ձվի դեղնուցով, մեղրով, եւ 2 ճ/գ կերակրի աղով: Ամրացնում է
մազարմատները, խթանում է աճը:
Այս բոլոր դիմակները շատ օգտակար
եւ շատերի կողմից փորձված են: Ընդ որում, դիմակների մեջ օգտագործվող
բույսերը, բուսական յուղերը, մթերքը դժվար չէ ձեռք բերել, վաճառվում են եւ
դեղատներում, եւ մթերային խանութներում: Դիմակների ընտրությունը մեծ է,
պատրաստման ձեւը` հեշտ, արդյունավետությունը` ակնհայտ:
Սեբորեա, թեփ
Սեբորեան մաշկային հիվանդություն է, որն առաջանում է ճարպերի
փոխանակության եւ նյութափոխանակության, ստամոքսի եւ աղիների
գործունեության խախտումների հետեւանքով: Պատճառ կարող են լինել նյարդային
եւ հոգեկան ծանր ապրումները: Այն հիմնականում առաջանում է սեռական
հասունացման շրջանում: Մաշկը, գլխամաշկը թեփոտվում է, քոր է գալիս:
- Գլխամաշկի նման թեփի դեմ շատերն օգտագործում են կիտրոնաջուրը: 4 կիտրոնի
կեղեւը մաքրել-լվանալ, 15 րոպե եռացնել 1լ ջրի մեջ եւ շաբաթը 1 անգամ
գլուխը շփել այդ ջրով:
- Այդ թեփի դեմ օգտակար է նաեւ ճակնդեղի
ջուրը: 3 լիտրանոց ապակե տարայի` բանկայի մեջ լցնել 1,5 լիտր սառը ջուր,
դրա մեջ դնել կլպած-լվացված եւ կտրատված ճակնդեղը, պատուհանի գոգին դնել
փակ վիճակում եւ թրմել 5-6 օր` մինչեւ ջուրը կբարձրանա մինչեւ վերջ` ապակե
տարայի եզրով մեկ կանաչ բորբոս առաջացնելով: Երբ որ բորբոսը վերջնականապես
կփակի տարայի բերանը, պետք է բամբակե թանզիֆի միջոցով քամել ճակնդեղի
ստացված ջուրը եւ տաք ջրի մեջ խառնելով` դրանով լվանալ գլուխը: Կարող եք
նաեւ ճակնդեղի այդ լուծույթի մեջ թրջել սրբիչը եւ 2 ժամ փաթաթել գլխին`
նախապես մազարմատներն այդ ջրով խոնավացնելով: Վերջում մազերը կարող եք
շփել խնձորի քացախով եւ ջրով պատրաստված թուրմով (3 ճ/գ քացախը` 1 լիտր
ջրի մեջ): Ճակնդեղով պատրաստված ջրով գլուխը լվանալիս կարող եք նաեւ դրան
խառնել սեւ հացից պատրաստված ջուր: Դրա համար պետք է 100-150 գրամ սեւ
հացը կտրատել, վրան շատ տաք եռացրած ջուր լցնել: Ցանկալի է օճառի փոխարեն
ձվի դեղնուց օգտագործել:
- Երիցուկի ջրով լվացումները եւս օգնում են սեբորեային:
- Սեբորեայի դեպքում լավ արդյունք է լինում մազերը օճառախոտով (միլնյանկա
լեկարստվենայա) լվանալու դեպքում: 6 լիտր ջրի մեջ 10 րոպե եռացնել
օճառախոտի արմատները, գիշերը թողնել, որ սառչի: Հաջորդ օրը փոքր-ինչ
տաքացնել եւ 15 րոպեի ընթացքում մեծ թասի մեջ շփել մազերն այդ հեղուկով:
Վերջում մազերը շփել կիտրոնաջրով կամ քացախաջրով: